Այսօր՝ հունիսի 13–ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com–ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 1.30-ի սահմաններում Ապարանի բնակիչ 29-ամյա Ռոման Հակոբյանը, վարելով «ԲՄՎ» 33 ԼՕ 321 համարանիշի ավտոմեքենան Խանջյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել թիվ 32 էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով վարորդին և ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Բյուրեղավան գյուղի բնակիչ 18–ամյա Նարինե Գրիգորյանին, նույն գյուղի բնակիչ 21-ամյա Շամիրամ Գրիգորյանին, Նոր–Նորքի 9-րդ զանգավծի բնակիչ Մարիամ Գևորգյանին և անձը չպարզված մի կնոջ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Գ. Շամշյանը հայտնել է, որ նշված հիվանդանոցից դեռևս ինքնությունը չպարզված կնոջը տեղափոխել են Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ բոլոր վիրավորները պարողներ էին։ Իսկ ավելի ուշ հիվանդանոցի մոտ Գ. Շամշյանին պատմել են, որ մահացածը հայտնի պարուսույց «համույթի Մագան» է։
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քնննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը։
Գ. Շամշյանը հայտնել է, որ հավանաբար փաստի առթիվ կհարուցվի քրեական գործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2–րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների օգտագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։







































