Վաշինգտոնը Ռուսաստանին կասկածում է Սիրիա ռազմական ուղղաթիռներ առաքելու մեջ, որտեղ մեկ տարուց ավել է, ինչ իշխանությունները փորձում են ճնշել հակակառավարական ելույթները: Այս մասին հայտարարել է Հիլարի Քլինթոնը:
«Մենք անհանգստացած ենք վերջերս ստացված տեղեկություններով, որ Ռուսաստանից Սիրիա են մատակարարվում ռազմական ուղղաթիռներ»,- ասել է պետքարտուղարը` ելույթ ունենալով Վաշինգտոնում:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն անընդհատ Ռուսաստանին զգուշացնում է Սիրիային զենք մատակարարելու անթույլատրելիության մասին:
«Մենք վիճում ենք ռուսների հետ և նրանց խնդրում ենք դադարեցնել Սիրիա զենքի առաքումը։ Նրանք մեզ ժամանակ առ ժամանակ ասում են, որ մենք չանհանգստանանք դրա համար, քանի որ այն, ինչ նրանք մատակարարում են, ոչ մի կապ չունի սիրիական կառավարության գործողությունների հետ: Դա, ամենայն հավանականությամբ, ճշմարիտ չէ»,- հայտարարել է պետքարտուղարը:
ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունն այս հայտարարության վերաբերյալ դեռ չի հրապարակվել: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ չի խախտում միջազգային համաձայնագրերը և Սիրիային ոչ մի զենք չի մատակարարում, որը կարող է կիրառվել քաղաքացիական բնակչության դեմ:









































