Reuters գործակալության փոխանցմամբ՝ իրանական նավթի խոշորագույն գնորդ չինական Sinopec Corp. նավթավերամշակման հսկան չի պլանավորել մինչև տարեվերջ ավելացնել իրանական նավթի ներկրումը: Ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ դա արվում է ԱՄՆ-ի կողմից խիստ պատժամիջոցների տակ հայտնված օբյեկտի չվերածվելու համար:
Չինաստանն իրանական նավթի ասիական 4 հիմնական գնորդներից մեկն է, որոնք կարող են բախվել ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին: ԱՄՆ-ն այժմ իր պատժամիջոցների ցանկից հանել է Հնդկաստանին ու Հարավային Կորեային, որոնք ազատվել են Իրանի հետ առևտուր անելիս պատժամիջոցների ենթարկվելուց: Ավելի վաղ այդ ցանկից ընդգրկվել էր Ճապոնիան:
ԱՄՆ-ում վախենում են, որ Պեկինը կարող է չդիմանալ գայթակղությանը, եթե Իրանը սկսի իր նավթն այլ երկրներին վաճառել էժան գներով: Սակայն Sinopec Corp. ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ իրանցիներն իրենց մի քանի այդպիսի առաջարկներ են արել, սակայն իրենք հրաժարվել են դրանցից:
Այս տարվա առաջին եռամսյակին ընկերությունն ավեի քան կրկնակի նվազեցրել էր իրանական նավթի ներկրումը: Նախորդ տարի Չինաստանն ընդհանուր առմամբ գնել է 27.76 միլիոն տոննա իրանական նավթ (օրական 555,000 բարել, որից 500,000-ը գնել է Sinopec Corp.-ը): Չինաստանն Իրանի խոշորագույն առևտրային գործընկերն է և հրապարակավ դատապարտում է Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները:











































