«Ձախ ճակատի» ղեկավար Սերգեյ Ուդալցովին, որն այսօր չի ներկայացել հարցաքննության Քննչական մարմին, ստիպողաբար չեն տանի «զրուցելու»: Այս մասին, ըստ BBC-ի ռուսական ծառայության հաղորդման, հայտարարել է ՌԴ Քննչական մարմնի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Ուդալցովը ներկայում որպես կազմակերպիչ հանդես է գալիս ընդդիմադիրների երկրորդ «Միլիոնների երթին», որը տեղի է ունենում Մոսկվայի կենտրոնում:
«Սերգեյ Ուդալցովը չի ներկայացել հարցաքննության, ուղարկել է հայտարարություն այն մասին, որ մտադիր է մասնակցել հանրահավաքին: Հետաքննությունը չի պատրաստվում միջոցառումներ ձեռնարկել նրան պարտադրաբար Քննչական մարմին բերելու համար, ու նրան մեկ այլ օր կկանչի հարցաքննության»,- հաղորդել է Մարկինը:
Ավելի վաղ, Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում մայիսի 6-ին զանգվածային անկարգությունների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում Քննչական կոմիտե էին հրավիրվել Սերգեյ ու Անաստասիա Ուդալցովները, Իլյա Յաշինը, Քսենյա Սոբչակը, Ալեքսեյ Նավալնին, Մարիա Բարոնովան, Ալեքսեյ Սախնինն ու Մարիա Դոբրոխոտովան:








































