Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.
– խուսափել արևի ուղիղ ճառագայթներից հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում,
– հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից՝ կրել գլխարկ, արևային ակնոցներ, հովանոց, հագնել սպիտակ և/կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ,
– օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր): Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել ջուր (լրացնում է հեղուկների պակասը, անցկացնում է հոգնածությունը և պայքարում ջրազրկման դեմ), կաթնամթերք, մասնավորպես թան ու մածուն (պարունակած սպիտակուցների, աղերի և օրգանական թթուների շնորհիվ, ծարավը հագեցնելու հրաշալի միջոց են),
– օգտագործվող հեղուկները պետք է լինեն միջին (գոլ) կամ դրանից մի փոքր ավելի հովացրած (այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել),
– չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները թե տաք, թե սառը վիճակում,
– ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապեղ մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում են ջերմատվությունը և արյան շրջանառությունը,
– հաճախակի լվացվել կամ ցնցուղ ընդունել, հետևել ձեռքերի հիգիենային, լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ,
– արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
– ամենօրյա աշխատանքները հնարավորինս կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից,
– պետք է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,
– այնտեղ, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան,
– սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող ջրով, սննդամթերքը պահել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում՝ սառնարանում, ընտրել թարմ, ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,
– խուսափել բացօթյա պայմաններում (մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում) պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք՝ լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր օգտագործելուց:











































