Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը «Եվրո-2012»-ի խմբային փուլի D խմբի շրջանակներում կայացած Անգլիա-Ֆրանսիա հանդիպումից հետո մամլո ասուլիսի ժամանակ մեկնաբանել է խաղի ընթացքը:
«Ես գոհ եմ իմ սաների այսօրվա խաղից: Շատ բարդ հանդիպում էր: Սակայն մեր ֆուտբոլիստներն ապացուցեցին, որ մարզական բարձր ոգի ունեն և ունակ են դիմակայելու դժվարություններին: Երկու թիմերն էլ վստահ սկսեցին հանդիպումը: Մեզ հաջողվեց բացել խաղի հաշիվը: Ընդմիջումից առաջ առավելությունն անցավ ֆրանսիացիների կողմը, և նրանք պատասխան գոլ խփեցին:
Շոգ եղանակն, իհարկե, իր ազդեցությունը թողեց խաղի ընթացքի վրա: Երկրորդ խաղակեսի ընթացքում որոշ ֆուտբոլիստներ նկատելի հոգնել էին, մենք ստիպված էինք փոփոխություններ կատարել: Կարծում եմ` նույն իրավիճակում էր նաև Ֆրանսիայի ընտրանին:
Այսօր իմ թիմի ֆուտբոլիստներն ապացուցեցին, որ կարող են բարձր մակարդակի խաղ ցուցադրել: Անհամբեր սպասում եմ հաջորդ հանդիպմանը»,- լրատվամիջոցների փոխանցմամբ` ասել է Հոջսոնը:







































