«ՀՀ դրամի փոխարժեքը արդեն մի քանի օր է` կայունացման միտումներ է դրսևորում: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի միջին կշռված գինը կազմել է 413 դրամ 50 լումա: Սա կարելի է համարել որոշակի լավատեսական ազդակ, բայց վերջին շաբաթներին էլի Է եղել դեպք, երբ շեշտակի արժեզրկման ընթացքում դրամը մի քանի օրով «արձակուրդ է» վերցրել և դրսևորել կայունացման միտումներ»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Երեկ էլ, բորսայի փակվելուց առաջ, մեկ դոլարի գինը բարձրացել է մինչև 413 դրամ 80 լումա: Նկատենք, որ դրամի կայունացման միտումները բավական թանկ են նստել մեզ վրա: Միայն վերջին չորս շաբաթվա ընթացքում Կենտրոնական բանկը մեր արտաքին պահուստներից 70 միլիոն 825 հազար դոլար է վաճառել բորսայում: Եվ դրան զուգահեռ՝ դրամը շարունակել է արժեզրկվել:
Ուստի, այս պահին դժվար է ասել, թե որքան կտևի դրամի հարաբերական կայունությունը, և այդ կայունությունը արհեստական է, թե` բնական: Մանավանդ որ մինչ օրս պաշտոնապես չի մեկնաբանվել ու պարզաբանվել, թե ինչու մայիսի 6-ից անմիջապես հետո դրամը սկսեց շեշտակիորեն արժեզրկվել, այդ ինչ կասկածելի փողեր էին հայտնվել մեր շուկայում, և ովքեր էին այդ փողերը պտտեցնում»:








































