ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: Նա նշեց, որ այսօր շատ վճռորոշ օր է Կահիրեում, քանի որ հռչակել են Մուբարաքի հեռացման օր:
Արզումանյանը հայտարարեց, որ ժողովրդի ցասումն իրեն հիացմունք է պատճառում, և դուր չեն գալիս իշխանության ու ընդդիմության որոշ գործիչների այն հայտարարությունները, որոնք ժողովրդի արդար ցասումն անվանում են քաոս: Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմամբ, Եգիպտոսը կարևոր նշանակություն ունի արաբական աշխարհում, և այսօր պետք է վճռվի Միջին Արևելքի երկրների մոտակա տասնամյակի զարգացման ուղին:
Համեմատելով Մարտի 1-ի ցույցերի հետ՝ նա նշեց, որ Մարտի 1-ը Հայաստանում նույնպես ինքնաբուխ էր, սակայն, ի տարբերություն Հայաստանի, Եգիպտոսում բանակը չօգտագործվեց ժողովրդի դեմ: Նշեց նաև, որ Եգիպտոսում շարժումը ժողովրդի ծնունդ է և չունի ընդգծված ղեկավարություն:
Արզումանյանը կանխատեսեց, որ եթե Եգիպտոսում ռեժիմը տապալվի, ապա կլինեն մեծ փոփոխություններ, որոնք նոր պրոցեսների սկիզբ կդնեն: Նա հայտարարեց, որ թիվ մեկ երկիրը, որն ամեն ինչ կանի, որպեսզի Մուբարաքը մնա իշխանության, Իսրայելն է: