«Եթե որևէ մեկը փորձի կանխատեսել փոխարժեքը, չհավատաք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԲ 1994-98 թվականների նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը`ընդգծելով, որ դոլարի փոխարժեքի ներկայիս բարձրացումը սարսափելի չէ:
Նրա խոսքով՝ փոխարժեքի այդ տատանումը բարձր տոկոսի դեռ չի հասել, իսկ 10 տոկոս տարբերության դեպքում գնաճային ճնշումները ընդամենը 1-2 տոկոս կլինեն: Բ. Ասատրյանը կարծում է, որ տարին բարենպաստ է:
Անդրադառնալով արտաքին պարտքին՝ Ասատրյանը նշեց, որ դրա սպասարկման հետ կապված նույնպես խնդիր չի լինի, քանի որ պետությունը եկամուտներ ունի նաև արտարժույթով:
Նա տարօրինակ համարեց, որ վերջին շրջանում Հայաստանում բենզինը էժանացել է ընդամենը 2 տոկոսով՝ այն դեպքում, երբ միջազգային շուկայում նավթամթերքի գնանկումը երեք ամիսների ընթացքում 25 տոկոս է:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ մինչև 8-9 տոկոս գնաճային միտումները դրական ազդեցություն են ունենում տնտեսության վրա, և փոխարժեքի այս տատանումից վախենալ պետք չէ:
Մանասերյանը փաստեց, որ սպառողական շուկայում դոլարի թանկացման հետ մեկտեղ որոշակի գնանկում է նկատվում, այսինքն՝ էժանանում է ներկրվող ապրանքը, սակայն միևնույն ժամանակ թանկանում է տեղական արտադրանքը, օրինակ՝ ցեմենտը:
«Սա լուրջ քննարկման առարկա է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համար»,- ասաց Մանասերյանը: