ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվել է Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած՝ ՀՀ Մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է մի շարք ապրանքների համար ՀՀ մաքսային սահմանին գանձվող մաքսատուրքի դրույքաչափը ներկայումս գործող 10-ի փոխարեն սահմանել մաքսային արժեքի նկատմամբ 15 տոկոս` նպատակ ունենալով պաշտպանել ներքին արտադրողին։
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Վարչապետը պատճառաբանել է, որ այն չի կարող ծառայել նշված հարցի լուծմանը: Նրա դիտարկմամբ, ԱԺ պատգամավորները, առաջարկելով այս փոփոխությունները, բարի նպատակ են հետապնդել, բայց իրականում կարող է հակառակ արդյունքն ստացվել, քանի որ մաքսատուրքերի ավելացումը անխուսափելիորեն կհանգեցնի գնաճի։
«Առանց այն էլ կառավարության ընթացիկ տարվա հիմնական մարտահրավերը գնաճն է, և դրա զսպման համար պետք է ձեռնարկվեն գործուն միջոցներ։ Գնաճի խնդիրը մարտահրավեր է ոչ միայն մեր երկրի, այլև բոլոր զարգացող երկրների համար։ Այս հարցը բազմիցս արծարծվել է, այդ թվում` ՀՀ Ազգային ժողովում»,- ասել է վարչապետը։