Ինչպես հաղորդում է Al-Jazeera հեռուստաընկերությունը, այսօր Եմենում կրկին վերսկսվել են բողոքի ակցիաները` ընդդեմ գործող իշխանության: Սա ամենաբազմամարդ հանրահավաքն է վերջին շաբաթների ընթացքում: Փողոցներում է 20,000-ից ավելի մարդ:
Սակայն ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, այսօր փողոց են դուրս եկել նաև Եմենի իշխանության կողմնակիցները, և վտանգ կա, որ դեպքերը կարող են զարգանալ եգիպտական սցենարով: Հիշեցնենք, որ երեկ Եգիպտոսի մայրաքաղաքում իշխանության կողմից հրահրվել են բախումներ` կառավարության կողմնակիցների և հակակառավարական ցուցարաների միջև:
«Առաջին լրատվականը» երեկ տեղեկացրել էր, որ Մուբարաքի` այլևս չառաջադրվելու հայտարարությունից հետո նմանատիպ հայտարարություն էր արել նաև Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը, որը խոստացել էր չառաջադրվել և պաշտոնը չփոխանցել իր որդիներից մեկին:
Այս առումով Եգիպտոսը նախադեպ է դառնում արաբական մյուս երկրների համար, որտեղ սկսվել են ժողովրդավարական շարժումներ: Թե որքանով այն բացասական կամ դրական ազդեցություն կունենա, ցույց կտա մոտ ապագան: