Հզոր փոթորիկի հետևանքով ԱՄՆ-ի ավելի քան 30 նահանգ հայտնվել են ձյան և սառույցի տակ: Վատ եղանակի պատճառով երեքշաբթի և չորեքշաբթի օրերին հետաձգվել է ավելի քան 9 հազար ավիաչվերթ:
Ուժեղ քամու և սառցակալման հետևանքով կտրվել են հոսանքալարեր՝ էլեկտրաէներգիայից զրկելով ավելի քան 100 հազար բաժանորդի Տեխաս, Լուիզիանա, Արկանզաս, Միսսուրի, Քենթուկի, Ինդիանա, Իլինոյիս և Օհայո նահանգներում:
Չիկագոյում 12 տարվա մեջ առաջին անգամ ձյան և սառցակալման հետևանքով դպրոցներում դադարեցվել են պարապմունքները: Ամերիկյան կենտրոնական շրջանների տասնյակ քաղաքներում դպրոցներում և կրթական հաստատություններում հետաձգվել են պարապմունքները, չեն աշխատում կառավարական հաստատություններն ու փոստը:
Միսսուրի, Օկլահոմա, Իլինոյիս և Վիսքոնսին նահանգներում, որտեղ հայտարարվել է արտակարգ դրություն, մարդկանց օգնություն ցուցաբերելու համար պլանավորվում է ներգրավել ԱՄՆ Ազգային գվարդիայի զինվորներին:
Միսսուրի նահանգում իր պատմության մեջ առաջին անգամ ձնաբքի պատճառով փակվել է Սենթ Լուիս և Կանզաս Սիթի քաղաքների միջև ընկած նահանգային ավտոմայրուղին:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը, ԱՄՆ եղանակի կանխատեսման ազգային ծառայության տեղեկություններով, արևմուտքից արևելք ցիկլոնի տեղափոխման հետ մեկտեղ ձյունն ու սառցակալումը կուժեղանան երկրի արևելյան և հյուսիսարևելյան շրջաններում: