ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը հակված չէ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Հայաստան կատարելիք այցը կապել հետընտրական գործընթացների հետ: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Իմ կարծիքով՝ այցն ունի տարածաշրջանային բնույթ: Չեմ բացառում նաև, որ այցի նպատակներից մեկն էլ Իրանի հարցի քննարկումն է: Ընդհանուր առմամբ, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ԱՄՆ–ը պարբերաբար փորձում է թարմացնել տարբեր երկրների հետ իր հարաբերությունները»,- ասաց նա:
Հովհաննես Իգիթյանի խոսքերով՝ Հայաստանի՝ արևմտամետ կամ ռուսամետ հետագա դիրքորոշումը պայմանավորված կլինի նրանով, թե որքան ուժեղ ու զգալի կլինեն այս կամ այն կողմի ճնշումները: «Հայաստանյան իշխանությունները շարունակում են թույլ մնալ, ինչից էլ, բնականաբար, կօգտվեն թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ–ը: Իսկ մինչ այդ, Հայաստանը դեպի Ռուսաստան կամ Արևմուտք հստակ կողմնորոշում չունի և չի կարող ունենալ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-ին կայցելի Հայաստան, այնուհետև՝ Վրաստան, իսկ վերջում՝ Ադրբեջան: