ՅՈՒԿՈՍ ընկերության՝ վերջերս 14 տարվա ազատազրկման դատապարտված ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին նամակ է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին, որում կոչ է արել նախագահին միջոցներ ձեռնարկել դատական համակարգը օրենքի սահմաններ վերադարձնելու համար:
Խոդորկովսկու ուղերձն այսօր հրապարակել է Ведомости թերթը: Նախկին օլիգարխը կարծում է, որ Ռուսաստանում ակնհայտ է իրավական համակարգի լիակատար կործանումը, սակայն նախագահի պարտավորությունը դատարանների անկախության ապահովումն է, այլ ոչ միայն այդ մասին հայտարարելը:
Նա Մեդվեդևին հիշեցրել է Օգոստինոս Երանելու խոսքերը, որ «Պետությունն առանց արդարության՝ ավազակախումբ է», և Ռուսաստանը 21-րդ դարում շատ ավելիին է արժանի:
Խոդորկովսկին պատասխանել է Մեդվեդևի՝ վերջերս արած այն հայտարարությանը, թե անհիմն են արդարադատության անկատարության մասին հայտարարությունները՝ նախագահին առաջարկելով ազատել դատարանները ճնշումից և «բացատրել» նրանց, որ իրենք հասարակությանը ծառայելու համար են, այլ ոչ՝ պատվերներ կատարելու:
ՅՈՒԿՈՍ-ի նախկին ղեկավարի համոզմամբ, իր նկատմամբ կայացված վճիռը հենց այդպիսի օրինակ է:









































