Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի կենտրոնական խաղում մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում ընթացող «Բայեր»-ը` «Բայ Արենա» մարզադաշտում ընդունեց երրորդ տեղում ընթացող «Հանովեր»-ին և երկու անպատասխան գնդակ ուղարկեց վերջինիս դարպասը: Հանդիպման 21-րդ րոպեին Շտեֆան Կիսլինգի փոխանցումից հետո հաշիվը բացեց Արտուրո Վիդալը: Ընդունած գոլից հետո «Հանովեր»-ի ֆուտբոլիստներն ակտիվացան, բայց այդպես էլ չկարողացան լուրջ վտանգավոր պահեր ստեղծել Ռենե Ադլերի դարպասի մոտ: 42-րդ րոպեին Գոնսալո Կստրոյի չափազանց ճշգրիտ փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Սիմոն Ռոլֆեսը: Երկրորդ խաղակեսում առանձնապես հետաքրքրիր իրադարձություններ չծավալվեցին. «Հանովեր»-ն ամեն կերպ փորձում էր վերականգնել հաշվի տարբերությունը, բայց տանտերերի կիսապաշտպանությունը` Բալլաքի գլխավորությամբ, գրեթե անթերի էր գործում: Ինչևէ, Յուպ Հայնկեսի սաները հեշտ հաղթանակ տարան մոտակա հետապնդողի նկատմամբ և վաստակած 39 միավորով շարունակում են ընթանալ երկրորդ տեղում:
«Հանովեր»-ի սայթաքումից անմիջապես օգտվեց «Բավարիա»-ն. մյունխենցիները հյուընկալվելիս 1:3 հաշվով պարտության մատնեցին Բրեմենի «Վերդեր»-ին և բարձրացան երրորդ հորիզոնական: Առաջին խաղակեսն անցավ «երաժիշտներ»-ի փոքր առավելությամբ, բայց իրական գոլային պահեր ստղծվեցին հենց Վիզեի պաշտպանած դարպասի մոտ: Առաջին դեպքում Մարիո Գոմեսը նպաստավոր դիրքից հարվածեց ուղիղ դարպասապահի վրա, մի քանի րոպե անց նույն Գոմեսի ուսով կատարած հարվածն աննշան շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով: Երկրորդ խաղակեսը նույնպես ավելի ակտիվ սկսեցին բրեմենցիները, ինչը 48-րդ րոպեին տվեց իր արդյունքը: Պեր Մերտեզակերը բացեց հաշիվը: Ընդունած գոլից հետո «Բավարիա»-ի ֆուտբոլիստները խաղը վերցրին իրենց ձեռքը, և 65-րդ րոպեին Ռոբենը խփեց պատասխան գնդակը: 5 րոպե անց Լուիս Գուստավոն սեփական տուգանային հրապարակում ակնհայտ ձեռքով խաղաց, բայց մրցավարի սուլիչը լռեց: Այդ պահից ի վեր խաղադաշտում մեկ թիմ էր գործում` «Բավարիա»-ն: 76-րդ րոպեին Գոմեսի եզրից կատարած սուր փոխանցումից հետո Մերտեզակերը դարձավ ինքնագոլի հեղինակ: Հանդիպման վերջակետը դրեց Միրոսլավ Կլոզեն, ով իր առաջին գոլը խփեց 2011 թվականին:
Չի կարելի չանդրադառնալ նաև «Վոլֆսբուրգ»-«Բորուսիա» հանդիպմանը: Գերմանիայի առաջնության առաջատարը հյուրընկալվելիս հերթական հեշտ հաղթանակը տարավ: Դորտմունդցիները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին, այս մրցաշրջանում չափազանց անհաջող հանդես եկող, «Վոլֆսբուրգ»-ի դարպասը: «Գայլեր»-ն այս պարտությունից հետո նահանջեցին 12-րդ հորզոնական:
20-րդ տուրի մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները` «Նյուրնբերգ»-«Համբուրգ»` 2:0, «Շալկե»-«Հոֆենհայմ»` 0:1, «Ստ. Պաուլի»-«Քյոլն»` 3:0, «Կայզերսլաուտերն»-«Մայնց»` 0:1, «Շտուտգարտ»-«Ֆրայբուրգ»` 0:1, «Այնտրախտ»-«Մյունխենգլադբախ»` 0:1:







































