Haber Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ և շնորհավորել է նրան՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը հույս է հայտնել, որ Օլանդի ընտրվելու հետ սկսված նոր ժամանակաշրջանը դրականորեն կազդի թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա: Էրդողանը նաև վստահություն է հայտնել, որ Ֆրանսիան կհասնի իր գլոբալ դիրքին արժանի մակարդակին, ինչպես նաև ԵՄ-ում իր համապատասխան տեղին:
Օլանդն իր հերթին հայտարարել է, որ իրենք ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, որը շարունակ տնտեսական աճ է գրանցում: Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան ու Թուրքիան համագործակցում են միջազգային բազում խնդիրների շուրջ: