Այսպես կոչված Ազատ սիրիական բանակի հրամանատար Ռիյադ Ասադը հայտարարել է, որ ընդդիմադիրները կարող են վերսկսել Ասադի ռեժիմի դեմ զինված պայքարը:
Նրա խոսքերով` չնայած ապրիլի 12-ին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնությանը, իշխանական զորքերը և հատուկ ծառայությունները առաջվա նման հետապնդում են ընդդիմությանը: Ամեն օր Սիրիայում մարդիկ են զոհվում:
Նման պայմաններում Ազատ սիրիական բանակը չի կարող կողքից նայել:
Դրան զուգահեռ՝ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը հայտարարել է, որ տարածաշրջանում աշխատող դիտորդները որոշակիորեն խաղաղեցնող ազդեցություն են թողնում, և այն մեծանալու է՝ կախված դիտորդների թվի աճից:
ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում մեկ տարուց ավելի ձգվող հակամարտության հետևանքով զոհվել է 9 հազարից ավելի մարդ:







































