ИТАР-ТАСС-ը, վկայակոչելով The Wall Street Journal Europe-ը, հայտնում է, որ Իրանն ուժեղացնում է Աֆղանստանի վրա ճնշումները՝ հասնելու համար Քաբուլի կողմից անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի չեղյալ հայտարարմանը:
Թերթը պնդում է, որ Թեհրանը Քաբուլին սպառնացել է, որ եթե Աֆղանստանի խորհրդարանը վավերացնի այդ համաձայնագիրը, ապա ներկայիս դրությամբ Իրանի տարածքում գտնվող հարյուր հազարավոր աֆղան աշխատավորներն ու փախստականները կարտաքսվեն երկրից:
Թերթը նշում է, որ Թեհրանը երբեք էլ գաղտնի չի պահել, որ իրեն դուր չի գալիս տվյալ համաձայնագիրը, ինչի համար էլ ներկայումս քայլեր է ձեռնարկում դրա չեղյալ հայտարարմանը հասնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Աֆղանստանի և ԱՄՆ նախագահներ Համիդ Քարզայն ու Բարաք Օբաման Քաբուլում ստորագրել էին ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր: Դա հստակեցնում էր 2014 թվականին Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերումից հետո երկու երկրների միջև հարաբերությունների բնույթը՝ ներառյալ քաղաքական ու ռազմական համագործակցությունը։








































