«Սա էական տեղաշարժ էր ամբողջ գործընթացում. երբեք ընտրական գործընթացն այնքան թափանցիկ, վերահսկելի ու տեսանելի չէր եղել, որքան այս անգամ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` հավելելով, որ արտառոց է այն, որ քվեարկության օրը հեռուստատեսությամբ քարոզչություն է տարվել, եղել են այլ դեպքեր ևս, բայց դրանք ընդհանուր առմամբ չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Քվեարկությունից հետո վստահված անձինք և հանձնաժողովների անդամները համամասնական ընտրակարգով վերահաշվարկի դիմում են ներկայացրել 17 ԸՏ-ներում կամ 0.8%-ում, մեծամասնականով` 33 ԸՏ-ներում կամ 1.6%-ում:
Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, բոլոր ԸՏ-ներում ներկայացված են եղել կուսակցությունների դիտորդներ և վստահված անձինք: Մասնավորապես ՀԱԿ 4 վստահված անձի կողմից ընդամենը 8 ԸՏ-ում կամ 0.4%-ում է ստացվել վերահաշվարկի դիմում, ԲՀԿ-ից համամասնականով՝ 1 ԸՏ-ում կամ 0.05%-ում, ԺԿ-ից՝ 1 ԸՏ-ում կամ 0.05%-ում և մեծամասնականով՝ 2 ԸՏ-ում. ՕԵԿ-ից 5 վստահված անձինք դիմել են 5 ԸՏ, իսկ մեկ ԸՏ-ում վերահաշվարկ կատարելու որոշում կայացրել է ԿԸՀ-ն՝ սեփական նախաձեռնությամբ:
«ՀՀ-ում առկա չէ մարզ, որտեղ արձանագրվել է 100%-անոց մասնակցություն, մասնավորապես խոսվում էր Տաշիրի մասին»,- հայտարարեց ԿԸՀ նախագահը` շեշտելով, որ նախնական հաշվարկից հետո ճշտվել են արդյունքները: 100%-անոց մասնակցություն եղել է քրեակատարողական հիմնարկներում` թիվ 36, 37, իսկ թիվ 10/4-ում, որը նույնպես քրեակատարողական հիմնարկ է, նոր կալանավոր էր տեղափոխվել, որ մասնակցել է ընտրությանը:
Ըստ Տ. Մուկուչյանի` թիվ 15 ԸՏ-ում մուտքագրման սխալ է եղել, և ընդհանրապես 100%-անոց մասնակցությունը երբեմն եղել է նաև մեխանիկական սխալի արդյունք:
Նա նշեց, որ երեկվանից սկսվել է վերահաշվարկը, և որոշ ԸՏ-ներում այն արդեն ավարտվել է:
Անդրադառնալով անվավեր քվեաթերթիկներին` Տ. Մուկուչյանը նշեց, որ եթե այդ թիվը բաժանում ենք ԸՏ-ների վրա, ապա ողջամիտ մեծություն է ստացվում:
Մեկնաբանելով Ահարոն Ադիբեկյանի հայտարարությունը, թե՝ բաժանվել է 2.5 մլն դրամ ընտրակաշառք, ԿԸՀ նախագահը միայն նկատեց, որ ընտրակաշառքը հանցագործություն է, և պետք է փաստարկված դիմում ու հիմքեր ներկայացնել:









































