Ազդեցիկ ամերիկացի սենատոր, հանրապետական Ռիչարդ Լուգարը, որը Սենատում է եղել վերջին 36 տարիների ընթացքում, պարտվել է իր հայրենի Ինդիանա նահանգի նախնական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ըստ նույն աղբյուրի՝ Լուգարը պարտվել է Ռիչարդ Մըրդոքին, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցության պահպանողական թևը՝ «թեյասերների շարժումը»։
Տեղեկացնենք, որ Լուգարը սենատոր է դարձել 1976թ․-ին, աշխատել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, երկու անգամ գլխավորել է այն։ Նա հայտնի է Ռուսաստանում և ԽՍՀՄ այլ հանրապետություններում միջուկային ռումբերի վերացման համար օգնություն ցուցաբերելու օրինագծերի ներկայացմամբ։ Լուգարն այդ երկրներում ժողովրդավարական գործընթացներին աջակցություն ցուցաբերելու կողմնակից էր և դրա համար ներկայացրել է նման բազմաթիվ օրինագծեր։








































