Բրիտանական The Mirror պարբերականի փոխանցմամբ` «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով, ինչպես արդեն հայտնի է, մրցաշրջանի ավարտից հետո լքելու է կատալոնական ակումբը, մերժել է «Չելսի»-ից ստացած երկրորդ առաջարկը:
Ռոման Աբրամովիչը պատրաստ է մասնագետին վճարել տարեկան 12 մլն ֆունտ, սակայն Գվարդիոլան չի համաձայնել, քանի որ ցանկանում է 1 տարի ֆուտբոլից հանգստանալ:
Լոնդոնցիների` իրենց թիմը գլխավորելու առաջին առաջարկը Գվարդիոլան ստացել է Անդրե Վիլաշ-Բոաշի հրաժարականից հետո: Այն ժամանակ «կապտանռնագույներ»-ի մարզիչն անգամ չհամաձայնեց սկսել բանակցությունների փուլը:
Ինչպես տեղեկացնում է անգլիական պարբերականը, հաշվի առնելով Անգլիայի Գավաթի նվաճումն ու Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ անցնելու փաստը` Ռոբերտո Դի Մատեոյի` «արիստոկրատներ»-ին գլխավորելու հնարավորությունը բավականին մեծ է:
Հաղորդվում է, որ Աբրամովիչը առաջարկելու է Դի Մատեոյին 1-ամյա պայմանագիր: Նշանակում է` կսպասի և կդիմի Գվարդիոլային 1 տարի անց:







































