Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Սարիբեկ Սուքիասյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, ցավոք, ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ոչնչացված են իշխանության ձևավորման ընտրական մեխանիզմները: Իշխանական ներկա համակարգը նաև ցույց տվեց, որ շարունակում է Սուքիասյան ընտանիքի անդամների քաղաքական հետապնդումը և ընտրողների իրավունքները ոտնահարելով, հենց ինքն է ընտրելու քաղաքացիների ապագան:
Ընտրություններում ես չեմ պարտվել, «հաղթել են» ընդամենը պետության վարչական, ուժային, ֆինանսական ռեսուրսները, կատարելության հասցված կեղծիքների և անվավերների մեխանիզմը:
Ես շնորհակալություն եմ հայտնում ընտրատարածքի բոլոր բնակիչներին, ովքեր մայիսի 6-ին գնացին ընտրատեղամասեր և արտահայտեցին իրենց ազատ կամքը: Շնորհակալություն եմ հայտնում իմ օգտին քվեարկած ընտրողներին, իմ նախընտրական թիմի անդամներին, բազմաթիվ կամավորներին, վստահված անձանց, ովքեր պարտաճանաչ կերպով և մեծ ոգևորությամբ աշխատեցին նախընտրական ժամանակաշրջանում և ընտրությունների օրը:
Վստահեցնում եմ, որ անկախ ընտրությունների արդյունքից` իմ հնարավորությունների չափով կիսելու եմ ընտրատարածքի բնակիչների հոգսերը և միշտ հասանելի եմ լինելու նրանց համար:
Նոր գումարման Ազգային Ժողովին ցանկանում եմ բեղմնավոր և օրինաստեղծ աշխատանք:







































