ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Բելգիայում դատական գործընթաց է պատրաստվում՝ ընդդեմ Վրաստանի նախագահի, ինչը կարող է արգելել նրա մուտքը երկրի տարածք, հետևաբար նաև Բրյուսելում գտնվող ԵՄ-ի ինստիտուտներ ու ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարան:
Այս մասին հայտարարել է տվյալ գործընթացի նախաձեռնող, տարագրման մեջ գտնվող վրացի իրավապաշտպան և վրացական «Օբյեկտիվ» անկախ մեդիա միության ներկայացուցիչ Մերաբ Բլադաձեն:
Վերջինս նշել է. «Մենք Վրաստանի ներկայիս նախագահին մեղադրում ենք մարդկության դեմ գործած հանցագործությունների, 2007 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու, 2008 թվականին Ռուսաստանի հետ պատերազմ սանձազերծելու, ընդդիմության դեմ սիստեմատիկ բռնությունների գործադրման (ներառյալ քաղաքական հակառակորդների ձերբակալումը), հանրահավաքների ու ցույցերի բռնի ցրման, ընդդիմության ու հասարակական կազմակերպությունների գործիչների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու ու ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու մեջ:
Ներկայիս դրությամբ՝ Վրաստանում առկա է 93 քաղբանտարկյալ, որոնցից 19-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»: Բացի այդ, վրացական բանտերում պահվող բանտարկյալների ներկայիս թիվը ռեկորդային է ողջ պատմության ընթացքում՝ հասնելով 45,000-ի:
Շատ ավելի քիչ քաղբանտարկյալներ ունենալու համար ԵՄ-ն արդեն 7 տարի է, ինչ իր «սև ցուցակում» է ներառել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Եվ քանի որ պաշտոնական Բրյուսելն իր գործողություններում չի ցուցաբերում հետևողականություն, մենք կդիմենք դատարան:
Մենք հավաքել ենք գործին առնչվող բոլոր փաստաթղթերը: Մենք մտադիր ենք գործընթացը սկսել մեկ ամսվա ընթացքում: Մեր բելգիացի փաստաբանները վստահ են հաղթանակի մեջ: Մենք կփակենք Սաակաշվիլիի մուտքը դեպի ԵՄ-ի շտաբ-բնակարաններ ու ՆԱՏՕ»:









































