ԱՄՆ նախագահի թեկնածուների քարոզարշավի հիմնական գործիքներից մեկը դարձել է Twitter սոցիալական կայքը: ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման և նրա մրցակից հանրապետական Միթ Ռոմնին փորձագետների շտաբ են ձևավորել համացանցում նախընտրական քարոզարշավ տանելու համար։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Անհրաժեշտ է վերլուծել նախընտրական մրցավազքի յուրաքանչյուր կողմը և հենց Twitter-ն է, որ մեզ շատ օգնում է»,- այսօր լրագրողներին հայտարարել է Հանրապետական կուսակցության թեկնածուի մամլո քարտուղար Ռայան Ուիլյամսը:
Վիրտուալ տարածքում լուրջ պայքար է սկսվել առաջին հերթին համացանցում շատ ժամանակ անցկացնող օգտատեր-տնային տնեսուհիների ձայների համար: Այդ գործընթացին ներգրավվել են քաղաքական գործիչների կանայք` Միշել Օբաման և Էնն Ռոմնին: Իրենց բլոգում նրանք տեղադրում են փաստարկներ, որոնք պետք է ԱՄՆ գեղեցիկ սեռին համոզեն աջակցել հենց իր ամուսնուն:
Twitter-ը մշտապես օգտագործում է ԱՄՆ բնակիչների 13 տոկոսը: Ինչպես հավաստում են սոցիոլոգները, դա քաղաքացիների քաղաքականապես առավել ակտիվ խումբն է: Սպիտակ տան հավակնորդները հասկանում են, որ Twitter-ի ազդեցությունն ամերիկյան հասարակության վրա աճում է: Եթե չորս տարի առաջ ԱՄՆ նախորդ նախագահական ընտրությունների օրն ամերիկացիների կողմից այդ ցանցում հայտնվել է ընդամենը 1.8 միլիոն հաղորդագրութուն, ապա այժմ տեղեկության այդ ծավալը միկրոբլոգում հայտնվում է միջին հաշվով ամեն ութ րոպեն մեկ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի վեցին:








































