ԱՄՆ-ն ազատ է արձակել 20 վտանգավոր հանցագործների, որոնց պահում էր Քաբուլի մոտակայքում գտնվող «Բահրամ» ռազմակայանում: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը` հղում կատարելով Washington Post-ին:
Պարբերականի տվյալներով` կալանավորներն ազատ են արձակվել հազվադեպ կիրառվող ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է «ԱՄՆ-ի և Աֆղանստանի համագործակցությունն այն մարդկանց կալանքից ազատելու ոլորտում, ովքեր ցանկություն են հայտնում հրաժարվել բռնությունից և հաշտության ճանապարհ դուրս գալ»:
Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան մամլո-քարտուղար Գեյվին Սանդուոլը հայտարարել է, որ բանտարկյալներին ազատ են արձակել այն բանից հետո, երբ ճշգրիտ ապացույցներ են ստացել, որ ազատ արձակվողները խնդիր չեն դառնա անվտանգության համակարգի համար:
Թերթն ընդգծում է, որ համաներումը չի մտնում թալիբների հետ հարաբերությունները կարգավորելու ծրագրի մեջ: Պարբերականի տվյալներով` որոշ անձանց ազատ արձակելու դիմաց ընդդիմության առաջնորդները խոստացել են կրճատել հարձակումները:
Ներկայումս Աֆղանստանում կենտրոնացած են 130 հզ. օտարերկրյա զինվորականներ, որոնց 1/3-րդն ամերիկացիներ են:









































