Այսօր` մայիսի 7-ին, կեսօրին մոտ Մոսկվայի Նիկիտսկայա բուլվարում ձերբակալվել է շուրջ 20 ընդդիմադիր, որոնք հավաքվել էին չարտոնված բողոքի ցույց անցկացնելու: Ձերբակալվածների թվում է նաև ընդդիմության ղեկավարներից մեկը` Բորիս Նեմցովը: Այս մասին հայտնում է ITAR-TASS գործակալությունը:
Ականատեսները Twitter-ում հայտնում են, որ նրանց թվում կան նաև լրագրողներ: «Նեմցովը ձերբակալված է, լրագրողներին բռնում են` անտեսելով այն, որ նրանք փաստաթղթեր են ցույց տալիս, «Կոմերսանտի» լրագրողը ոստիկանի մեքենայում է»,- հայտնում է օգտատերերից մեկը:
«ՕՄՕՆ-ը ամբոխից մարդկանց է բռնում, սկզբունքն անհայտ է, ձերբակալում են նաև լրագրողների»,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, որն ուղիղ եթեր է իրականացնում Ռուսաստանի մայրաքաղաքից:
Մինչ այդ ընդդմիադիրները, Տվերսկայա բուլվարով անցնելով, դուրս էին եկել Նիկիտսկայա բուլվար ու փակել ճանապարհը: Ընդհանուր առմամբ հավաքվել է 200 մարդ, որոնց թվում եղել են շատ լրագրողներ: Նրանք կրել են սպիտակ ժապավեններ, որոնք Պետդումայում հաղթանակից անմիջապես հետո դարձել էին ընդդիմադիրների ակցիաների խորհրդանիշը:
ՕՄՕՆ-ի աշխատակիցները հավաքվածներին զգուշացրել են ակցիայի անօրինականության մասին ու դրանից հետո սկսել ձերբակալել առավել ակտիվներին: Ոստիկանները Նեմցովին ձերբակալել են, որին այս գիշեր դատարանը տուգանել էր այն բանից հետո, երբ նրան բռնել էին Բոլոտնայա հրապարակում:
Ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էին Մոսկվայի կենտրոնում ֆլեշմոբեր անցկացնելու կոչեր այն ճանապարհին, որտեղով անցնելու էր Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը: Այդ կերպ ընդդիմադիրները ցանկանում էին արտահայտել իրենց դժգոհությունը նրա երդմնկալության նկատմամբ:









































