Սյունիքի մարզի Վերին Խոտանանում խոզապահները որևէ խնդիր չունեն։ Սննդի անվտանգության և անասնաբուժական մարզային տեսչության մասնագետ Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց, որ հիվանդ խոզերի ու վարակի մասին լուրերը ուռճացված են։ Հիշեցնենք, որ արդեն երեք օր է, ինչ վերինխոտանանցիները հարկադիր մորթում են իրենց խոզերը։ Պատճառը համագյուղացի Համլետ Հարությունյանի պատկանող մեկ մայր խոզի անակնկալ անկումն էր, որին որին հաջորդել է 8 խոճկորների ինքնազգացողության վատացումը։ «Քանի որ վերջին տարիներին տարբեր վարակների մասին լուրերն անընդհատ ահաբեկում են գյուղացիներին, նրանք էլ հենց մի անասունի անկում է գրանցվում, խուճապի են մատնվում և սկսում են մորթել իրենց ընտանի կենդանիները»,- ասում է անասնաբույժը։ Անասնաբույժի խոսքով, քիչ չեն լինում այն դեպքերը, երբ անասնաբույժները հասնում են որևէ համայնք, ու մասնագետները, երբ նպատակահրամար չեն գտնում հիվանդ անասունի բուժումը, խորհուրդ են տալիս մորթել ու միսն իրացնել։ Նման կենդանիների միսը պիտանի է, խնդիր լինելու դեպքում միսը չեն վաճառում։ Անասնաբույժը արգելում է ու չի տալիս համապատասխան տեղեկանք։
Իսկ Վերին Խոտանանի դեպքերի նման անհիմն լուրեր տարածվելու դեպքում տուժում են անասնապահները։







































