Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել է Ֆրանսիայի կենտրոնում տեղակայված լիցեյում: Նրա հետ քվեարկել է կինը` Կառլա Բրունի-Սարկոզին:
Տեղի հարյուրավոր բնակիչներ բացականչություններով ողջունել են նախագահին: Նախօրեին ֆրանսիական մշակույթի մոտ 20 ականավոր գործիչներ, որոնց թվում նաև Շառլ Ազնավուրը և Ժերար Դեպարդիեն, հանդես են եկել բաց նամակով` սատարելով Սարկոզիին:
Ֆրանսիայի Հանրապետության առաջնորդը տիկնոջն առաջարկել է քվեաթերթիկը առաջինը գցել քվեատուփի մեջ: Դրանից հետո ինքն է քվեարկել, ապա ձեռքսեղմումով ողջունել է հանձնաժողովի անդամներին: Նախագահը լուսանկարվել է ցանկացողների հետ, իսկ նրա կինը ստորագրություններ է բաժանել:
Նախօրեին Սարկոզին աշխատել է Ելիսեյան պալատում, ապա հանդիպել է նախընտրական շտաբի աշխատակիցների հետ: Քվեարկությոնից հետո նա վերադարձել է նախագահական պալատ, որտեղ անցկացնելու է օրվա մնացած մասը և պատրաստվելու է ելույթ ունենալ երեկոյան:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները հայտնի կդառնան երեկոյան ժամը 20:00-ից հետո:











































