Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե վերջերս շատ է շահարկվում այն, որ մշակույթի նախարար պետք է լինի Հեղինե Բիշարյանը, ասաց, որ չի ցանկանում պատասխանել այդ հարցին, որովհետև ամեն ամիս իրեն այդ նույն հարցը տալիս են.«Ինձ ամիսը մեկ այդ հարցը պարտադիր տալիս են, և այդ հարցին պատասխանելիս ես փորձում եմ տարբեր ձևակերպումներ տալ, որպեսզի չասեն,որ ես անգիր եմ սովորել պատասխանը»: Մշակույթի նախարարը, չցանկանալով մեկնաբանություն տալ, ասաց, որ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ իրողություններ. «Իմ ամենօրյա աշխատանքը տեսնելով` մեկը գոհ է, մյուսը` դժգոհ: Գոհը չի մտածում այդպիսի հարցերի մասին: Ես աշխատում եմ և աշխատում եմ այնքան, ինչքան իմ ուժերը ինձ ներում են, մնացած խնդիրների մեկնաբանությունը և որոշումները իմը չեն և որևէ ձևով մեկնաբանել չեմ կարող»: Նա խնդրեց,որ այդ հարցը իրեն չտան նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը նույնիսկ այլևս այդ պաշտոնին չի լինի: «Ես բավականություն եմ ստանում իմ աշխատանքից ու ինձ համար պաշտոնի փոփոխությունը էական չի լինի, որովհետև ես մշակույթից եմ եկել և մշակույթ էլ վերադառնալու եմ, ինձ համար դա էական փոփոխություն չի առաջացնելու»: