Այսօր ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հաղորդագրություն է տեղադրվել «ԿԲ պատասխանը» վերնագրով: Հարցը վերաբերում է նրան, թե արդյոք ճիշտ չէր լինի ԿԲ հիմնական խնդիր սահմանել տնտեսության զարգացմանը նպաստելը` ի տարբերություն գործող օրենսդրությամբ ամրագրված այն դրույթի, թե ԿԲ հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է: «Ժամանակը ցույց տվեց, որ Կենտրոնական բանկը չի կարողանում այս խնդիրը լուծել, մասնավորապես, այն պատճառով, որ գների կայունության պահպանումը խանգարում է տնտեսության զարգացմանը կամ դանդաղեցնում է
տնտեսության զարգացման տեմպերը»,- նշված է հարցի մեջ: Հարցին պատասխանել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը` նշելով, որ ժամանակը հենց հակառակն է ցույց տվել, այն է` ԿԲ-ն կարողացել է «բավականին արդյունավետ իրականացնել իրեն վերապահված հիմնական խնդիրը»` գների կայունության ապահովումը:
«Բազմաթիվ երկրների փորձը և համաշխարհային տնտեսագիտական մտքի նվաճումները վկայում են, որ գների կայունությունն այն խնդիրն է, որի իրագործման միջոցով կենտրոնական բանկը առավելագույն նպաստումն է ունենում երկարաժամկետ հատվածում տնտեսության զարգացմանը և մարդկանց բարեկեցության աճին: Այդ իսկ պատճառով ներկայումս աշխարհի գրեթե բոլոր երկրներում որպես կենտրոնական բանկերի հիմնական խնդիր է սահմանված գների կայունության ապահովումը:
Մյուս կողմից, կառավարության հիմնական խնդիրը բարձր տնտեսական աճի և ցածր գործազրկության ապահովումն է: Մակրոտնտեսական քաղաքականության իրականացման ժամանակ այս խնդիրները կարճաժամկետ հատվածում կարող են հակասել միմյանց և դրանցից որևէ մեկի գերակայությունը կարող է բացասաբար անդրադառնալ ընդհանուր տնտեսական զարգացման վրա: Այս է պատճառ, որ կենտրոնական բանկը և կառավարությունը պետք է լինեն միմյանցից անկախ մարմիններ և իրականացնեն անկախ, բայց կոորդինացված քաղաքականություններ, ինչը լավագույն լուծումն է երկարաժամկետ հատվածում բարձր տնտեսական աճի ապահովման համար:
Վերջին 10 տարիների տնտեսության, և մասնավորապես, գնաճի միտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ կողմից վերը նշված լավագույն փորձի տեղայնացումը ՀՀ կենտրոնական բանկին թույլ է տվել բավականին արդյունավետ իրականացնել իրեն վերապահված հիմնական խնդիրը: Այդ ժամանակահատվածում գնաճը պահպանվել է կառավարելի մակարդակում և ապահովվել է կայուն տնտեսական զարգացման համար անհրաժեշտ ցածր գնաճային միջավայրը:
Այսպես, 2000-2010 թվականներին տարեկան միջին գնաճը կազմել է ընդամենը 4.4%, ինչը ամենացածր ցուցանիշն է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաև ԱՊՀ երկրների համեմատությամբ: Մասնավորապես, Ադրբեջանում նույն ցուցանիշը կազմել է շուրջ 7.2%, Վրաստանում՝ 6.6%, Ռուսաստանում՝ 12.7%, իսկ
ԱՊՀ անդամ երկրների միջին ցուցանիշը կազմել է 12.0%:
Այդուհանդերձ, առկա են մի շարք գործոններ, որոնք նվազեցնում են ՀՀ-ում իրականացվող դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը: Այս գործոնները առավել բնորոշ լինելով փոքր բաց տնտեսություն ունեցող անցումային երկրներին, այդուհանդերձ ՀՀ-ում առավել վառ են արտահայտված: Նման գործոններն են ստվերային տնտեսությունը, մի շարք ապրանքային շուկաներում
մրցակցության ցածր մակարդակը կամ մոնոպոլ և օլիգոպոլ շուկաների առկայությունը, ինչպես նաև դոլարացման բարձր մակարդակը: Բնականաբար, վերոհիշյալ գործոնները սահմանափակում են կենտրոնական բանկի հնարավորությունները գնաճի կառավարելության ապահովման գործում:
Մյուս կողմից, պարենային ապրանքների տեսակարար կշիռը ՀՀ սպառողական զամբյուղում շատ երկրների համեմատ բավականին բարձր է և կազմում է 53.9%: Մասնավորապես, Ռուսաստանում և Ղազախստանում նույն ցուցանիշը կազմում է 38-39%, իսկ արևելյան Եվրոպայի և զարգացած տնտեություն ունեցող երկրներում, բնականաբար, այն ավելի ցածր է՝ տատանվելով 15-30%-ի
շրջանակներում: Այդ է պատճառը, որ հատկապես վերջին տարիներին և՛ միջազգային շուկաներում հիմնական պարենային ու հումքային ապրանքների գների կտրուկ աճը, և՛ գյուղատնտեսության ոլորտի բացասական զարգացումները, նպաստելով պարենային ապրանքների ներքին գների աճին, էապես ավելացրին նաև գների ընդհանուր մակարդակը և վերջինիս տատանողականությունը:
Համեմատության համար, եթե հիպոթետիկ ենթադրություն անենք, որ Հայաստանում, Ռուսաստանում և Ղազախստանում պարենային ապրանքների գներն աճել են 10%-ով, ապա վերջինիս հետևանքով ՀՀ-ում՝ նշված երկրների համեմատ 1.5 տոկոսային կետով ավելի բարձր գնաճ կարձանագրվի: Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ ՀՀ ներմուծվող ապրանքների, ներառյալ ներմուծվող պարենային ապրանքների գերակշիռ մասը Հայաստան է գալիս մեր հարևան Վրաստանի տարածքով, որտեղ գների մակարդակը աճել է 11.2%-ով, այդ թվում պարենային ապրանքներինը` 22.0%-ով, ապա բնականաբար ՀՀ-ում գնաճի ցուցանիշը չէր կարող չբարձրանալ:
Բնականաբար, առանձին տարիներին չեն բացառվել վերոնշյալ առաջարկի շոկերով պայմանավորված գնաճի նպատակային թիրախից շեղումները և բոլոր դեպքերում գների ցածր և կայուն մակարդակը մնում է կենտրոնական բանկերի հիմնական խնդիրը և առաջնահերթությունը՝ երկարաժամկետ հատվածում բարձր տնտեսական աճի ապահովման առումով»,- նշված է Ներսես Երիցյանի պտասխանի մեջ:










































