Ուրբաթ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Աբբասիա թաղամասում տեղի ունեցած անկարգությունների հրահրման կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 170 մարդ: Այս մասին հաղորդում են եգիպտական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով զինվորական դատախազությանը:
Բոլոր կասկածյալները ձերբակալվել են Աբբասիա թաղամասում Եգիպտոսի պաշտպանության նախարարության շենքը հսկող զինվորականների դեմ ուղղված սադրիչ գործողությունների ժամանակ:
Կահիրեի շտապօգնության վարչության ղեկավար Ահմադ Ալ-Անսարիի հայտարարության համաձայն՝ Աբբասիայում ցուցարարների և զինվորականների միջև բախումների ժամանակ կրծքին ստացած վերքից մահացել է մեկ զինծառայող, վիրավորվել է ավելի քան 370 մարդ, շատերը թունավորվել են ցուցարարների դեմ կիրառված գազից: Ալ- Անսարին հաստատել է, որ վիրավորվել են նաև տասնյակ զինվորականներ:
Հիշեցնենք, որ ուրբաթ հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին երկրի ՊՆ շենքի դիմաց՝ մասնակցելու զանգվածային բողոքի ակցիայի: Ցուցարարները ճեղքել են շրջափակումը և փորձել մոտենալ գերատեսչության շենքին՝ քարեր նետելով անվտանգության աշխատակիցնրի վրա: Զինվորականները ստիպված են եղել կիրառել արցունքաբեր գազ: Զինվորականների հետ բախումները շարունակվել են գրեթե երկու ժամ:
Այս պահին զինվորականները վերահսկում են նախարարության շենքը և դրան հարող թաղամասերը: Միջադեպից հետո թաղամասում մտցվել է պարեկային ժամ՝ մայիսի 4-ից, ժամը 23:30-ից մինչև մայիսի 5-ը, ժամը 7:00-ն:










































