Կարծում եմ, որ Հայաստանը սկսել է իրականացնել «Հայրենադարձություն 2012» ծրագիրը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը. «3-4 օրով հայրենադարձվում են մեր ջավախահայ եղբայրները: Այսօր, ժամը մոտ 12-30-ի սահմաններում, Գյումրի-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին ականատես եղա 3 խոշոր ավտոբուսի, մոտ 20 միկրոավտոբուսի, 10 ջիպերով, հայկական-վրացական դրոշներով շարասյանը, որը մոտ 500 հոգու կտեղավորեր»:
Նա նշեց, որ չգիտի՝ քանի հոգով են Բավրայով մտել Հայաստան, գուցե ավելի շատ են եղել, և մի մասը ժամանակավոր հայրենադարձվել է Գյումրի և Շիրակի մարզ: Նա նաև ավելացրեց, որ նման դեպքի ականատես է եղել նաև 2008 թվականին. «Փետրվարի 17-ին կամ 18-ին հենց Բավրայում ականատես եմ եղել և նկարահանել: Մոտ 40-ի հասնող միկրոավտոբուսներ դրոշներով Վրաստանից անցան Հայաստան: Թե երբ վերադարձան կամ հատկապես որ ընտրատեղամասերի վրա հայրենադարձվեցին՝ չեմ կարող ասել»:
Նա նաև նշեց, որ չի կարող ասել, թե որ կուսակցության կողմից են եկել, քանի որ մեքենաներից և ոչ մեկի վրա չի եղել որևէ կուսակցական լոգո կամ դրոշ:








































