Տեխասի Էդինբուրգ քաղաքում կողպված տանը ոստիկանությունը հայտնաբերել է ավելի քան 100 անօրինական ներգաղթյալների` Մեքսիկայից, ինչպես նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկայից: Այս մասին հաղորդում է The Monitor-ը:
Մարդիկ գտնվել են մայիսի 2-ին այն բանից հետո, երբ կողպվածներից ինչ-որ մեկը զանգահարել է ոստիկանություն: Յոթ մարդ ջրազրկման և թերսնման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց: Նրանք պատմել են, որ երեք օր ո՛չ սնվել են, ո՛չ էլ ջուր խմել:
Տան պատուհանների վրա եղել են ճաղավանդակներ, դռները կողպված են եղել դրսից` շղթաներով և տարբեր կողպեքներով: Շինության մեջ լուսավորում չի եղել:
Այն բանից հետո, երբ ոստիկանությունն ազատ է արձակել նրանց, նրանցից ոմանք փորձել են թաքնվել, սակայն շուտով բռնվել են: BBC-ի տվյալներով՝ անօրինական ներգաղթյալներին թաքցնելու մեղադրանք է առաջադրվել երկու տղամարդու:










































