«Մարդը պարզ ասել ա. ուզել ա խորհուրդներ տալ, սակայն դրա կարիքը չեն ունեցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ընտրացուցակով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Նա նշեց, որ Ռ․ Քոչարյանը ցանկացել է ասել, որ իր խորհուրդների կարիքը չի եղել: ՀԺԿ նախագահը հարցազրույցի վերաբերյալ այլ հարցերի չպատասխանեց՝ հորդորելով հարցերով դիմել հենց իրեն՝ Ռ․ Քոչարյանին:
Նախընտրական քարոզչության ընթացքում Ստեփան Դեմիրճյանը դրական գնահատեց միայն քարոզարշավի լուսաբանումը: Ըստ նրա՝ իհարկե, առաջընթաց կա բազմակողմանիության տեսանկյունից, սակայն իշխանության մեթոդները նույնն են մնացել վարչական ռեսուրսների օգտագործման առումով։
«ՀԱԿ քարոզարշավը գնահատում եմ դրական: Նկատի ունենալով ՀԱԿ բազմամարդ հանդիպումները, երեկ կայացած հանրահավաքը՝ կարող եմ ասել, որ քիչ թե շատ արդար ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը ծանրակշիռ ներկայություն կունենա ԱԺ-ում»,- նման կարծիք հայտնեց Ս․ Դեմիրճյանը:









































