Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ Անկարայում ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելին, որը քրդերի դեմ քիմիական զենք գործածելու համար հայտնի է որպես «Քիմիական Նեջդեթ»: Տեղական ժամանակով ժամը 17.00-ին մեկնարկած այդ հանդիպումը տևել է ուղիղ 3 ժամ:
Այս հանդիպումն ավելի երկար է տևել, քան նախօրեին տեղի ունեցած Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստը: Նշվում է, որ սա Էրդողանի և Օզելի միջև տեղի ունեցած ամենաերկար հանդիպումն էր: Ոչինչ չի նշվում, թե հանդիպումն ինչու է այդքան երկար տևել, և ինչու այդ հանդիպումը չի կայացել ԱԱԽ-ի նիստից 2 օր առաջ, ինչպես որ պլանավորված էր նախապես:
Հանդիպման ժամանակ կողմերի քննարկման հիմնական առարկան հանդիսացել է սիրիական բանակի կողմից Թուրքիայի սահմանի խախտման հարցը և սահմանին առկա իրավիճակը: Քննարկվել են նաև 1997 թվականի փետրվարի 28-ին Թուրքիայում իրականացված հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջման գործի շրջանակներում բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունների ու PKK-ի դեմ պայքարի հարցերը:









































