«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին Ջավախքի մի շարք գյուղերում ակտիվորեն սկսել են ցուցակագրել մարդկանց, խոսքը Վրաստանի քաղաքացի հայերի մասին է, որոնք նաև ունեն ՀՀ քաղաքացիության անձնագիր:
Համաձայն թերթի տեղեկությունների՝ մայիսի 4-6-ն իշխանությունները պատրաստվում են այդ մարդկանց բերել Հայաստան, որպեսզի մասնակցեն ընտրություններին և քվեարկեն ՀՀԿ-ի օգտին:
«Ըստ լուրերի՝ այս հարցում ակտիվ է նաև ոստիկանության քրեական հետախուզության վարչության նախկին պետ, այժմ կալանքի տակ գտնվող Հովհաննես Թամամյանը: Նրան խոստացել են առաջիկայում ազատ արձակել, եթե իր ծննդավայրի Ազավրեթի ու դրան հարակից գյուղերի՝ ՀՀ քաղաքացիության անձնագիր ունեցողները կարողանան գալ Հայաստան ու քվեարկել ՀՀԿ օգտին:
Սակայն Վրաստանից ՀՀ քաղաքացիության անձնագիր ունեցող բնակիչների հիմնական հոսքը սպասվում է ՀՀ սահմանին մոտ գյուղերից, այդ թվում` Նինոծմիդա, Բոգդանովկա և այլ համայնքներից: ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, իհարկե, «ժողովուրդ»-ին փոխանցեց, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:
Թերթը նաև հավելում է, որ Վրաստանի քաղաքացի հայերի հայկական անձնագրերը տրված են ապօրինի կերպով , քանի որ Վրաստանը չունի երկքաղաքացիության մասին օրենք, հետևաբար նրանք չեն կարող լինել երկքաղաքացի:









































