Իսպանիայի Կենտրոնական բանկը միջազգային բանկիրների հետ խորհրդակցություններ է վարում հոլդինգային ընկերություն ստեղծելու շուրջ, որը կմիավորի անշարժ գույքի ոլորտում ֆինանսական կազմակերպությունների արժեզրկված ակտիվները: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Խորհրդակցությունները կտևեն մի քանի շաբաթ: Այս մասին տեղեկությունը հաստատել է Իսպանիայի էկոնոմիկայի նախարար Լուիս դե Գինդոսը:
Ապրիլի 27-ին Իսպանիայի Կենտրոնական բանկի հրապարակած զեկույցի տվյալներով՝ անշարժ գույքի ոլորտում «վատ» ակտիվների արժեքը 184 միլիարդ եվրո է: Այդ գումարը կազմում է ֆինանսական կազմակերպությունների բոլոր ակտիվների 60 տոկոսը:
Նույն օրը Standard & Poor’s-ը իջեցրել է Իսպանիայի վարկային վարկանիշը երկու կետով՝ A-ից BBB+ -ի: Ապրիլի 30-ին Standard & Poor’s-ը իջեցրել է իսպանական 11 բանկերի վարկանիշերը:











































