BBC News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը ձևավորել է հատուկ բազմակուսակցական կոմիտե, որը զբաղվելու է նոր Սահմանադրության մշակմամբ: Այն պետք է լինի ամբողջովին ժողովրդավարական, ուր տեղ չի տրվի բանակի «հատուկ դերին», կվերացվեն քաղաքացիական ազատությունների սահմանափակումները, և կհիշատակվեն ազգային փոքրամասնությունների, մասնավորապես քրդերի իրավունքները:
Ակնկալվում է, որ նոր Սահմանադրությունը պատրաստ կլինի մինչև տարեվերջ: Գործընթացի մասնակիցները հայտարարում են, որ դրա մշակման աշխատանքները զարմանալիորեն հարթ են ընթանում. և՛ իշխող կուսակցության համակիրները, և՛ ընդդիմադիրները փոխզիջման գնալու պատրաստակամություն են ցուցաբերում:
Բացի այդ, նոր Սահմանադրության մշակման գործընթացում ներառված են տեղի իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք տարբեր խնդիրների շուրջ խորհրդակցություններ են անցկացնում պատգամավորների համար:
Այնուամենայնիվ, կոմիտեի աշխատանքներում ամեն դեպքում կարող են բարդություններ ի հայտ գալ, ինչը մասնավորապես վերաբերում է երկու առանցքային հարցերի՝ քրդերի իրավունքներին ու նախագահի ապագա դերին: Ավելի թեժ քննարկումները ծավալվելու են պետության ղեկավարի լիազորությունների շուրջ:
Թուրքիան իրենից ներկայացնում է խորհրդարանական հանրապետություն, սակայն ներկայիս իշխանությունները ցանկանում են այն դարձնել նախագահական: Ընդդիմության կարծիքով՝ դա հատուկ արվում է ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, որը չի թաքցնում հետագայում պետության ղեկավար դառնալու մտադրությունը:
Հիշեցնենք, որ 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո՝ 1981 թվականի հունիսի 29-ին, թուրքական ռազմական խունտան ընտրեց 160 խորհրդատուի, որոնց հանձնարարեց զբաղվել նոր Սահմանադրության մշակմամբ:
Վերջիններս առաջ քաշեցին 800 նոր օրենքներ: 1982 թվականի նոյեմբերի 7-ին նոր Սահմանադրությունը դրվեց հանրաքվեի ու ստացավ մասնակիցների 92 տոկոսի աջակցությունը: Դրանով մեծ լիազորություններ շնորհվեցին ուժային և դատական կառույցներին, որոնց իրավունքների սահմանափակման համար տարիներ շարունակ պայքարում է Էրդողանը, և առաջիկա նոր Սահմանադրությունը գործուն քայլ կհանդիսանա այդ ուղղությամբ։








































