ԱՄՆ նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի ամենահավանական հակառակորդ համարվող Միթ Ռոմնին հերքում է, որ իբր ինքը Ուսամա բեն Լադենին ոչնչացնելու հրաման չէր տա: Ըստ քննադատների՝ հենց նման միտք էին արտահայտում Օբամայի վերջին գովազդային հոլովակը և վերջին հայտարարությունները:
«Իհարկե կտայի (համապատասխան հրաման.- 1in.am),- Ռոմնիի խոսքերն է մեջբերում CNN-ը,- անգամ Ջիմմի Քարտերը նման բան կաներ»:
Քննադատները հաճախակի մեղադրում են ԱՄՆ նախկին նախագահ Քարտերին թուլամորթության մեջ: Հենց նրա նախագահության տարիներին են Թեհրանում պատանդ վերցրել ԱՄՆ դեպանատան աշխատակիցները, որոնք ազատ արձակվեցին միայն այն ժամանակ, երբ նախագահ դարձավ Ռոնալդ Ռեյգանը:
Հիշեցնենք, Բեն Լադենը սպանվել է 2011 թ. մայիսի 2-ին ամերիկյան հատուկ նշանակության ուժերի կողմից: Դրա տարելիցի կապակցությամբ Օբամայի նախընտրական շտաբը ներկայացրել է գովազդային հոլովակ՝ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի մասնակցությամբ, որում պատմվում է «Ալ-Քաիդա»-ի առաջնորդի ոչնչացման գործում գերագույն հրամանատարի մասնակցության մասին: Հանրապետականներն Օբամային մեղադրում են այն բանում, որ նա ցինիկորեն օգտագործում է Բեն Լադենի սպանությունը սեփական վարկանիշը բարձրացնելու համար:











































