Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախկին պատգամավոր, փորձագետ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այսօր մտահոգիչ են հրադադարի ռեժիմի խախտումները:
Նա նկատեց, որ հայկական կողմը հայտնվել է սպասողական վիճակում, մինչդեռ աշխարհը առաջ է ընթանում, և մենք էլ մեր խնդիրները պետք է կարողանանք ձևակերպել, փորձենք կառուցել ժողովրդավարական և մրցունակ պետություն:
Լեռնային Ղարաբաղի համար փորձագետը նախադեպ է համարում Կոսովոն, Աբխազիան և Հարավային Օսիան: Նա նկատեց, որ Ադրբեջանը հենվում է ռազմական հռետորաբանության վրա, քանի որ պատրաստ չէ զիջումների: Գեղամ Բաղդասարյանն ասաց, որ Ադրբեջանի քաղաքականությունը հիմնվում է այն բանի վրա, որ խաղաղ կարգավորումն առավելագույն զիջումն է: «Իրականում ուժի չկիրառումը որևէ կողմի համար պետք է լինի ոչ թե զիջում, այլ` գլխավոր պայման»,- ասաց փորձագետը: Նրա կարծիքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը և ԼՂ միջազգային ճանաչման գործընթացը պետք է գլխավոր ուղղություն լինեն հայկական կողմի արտաքին քաղաքականության մեջ:
Ըստ փորձագետի` ԼՂ միջազգային ճանաչման գործընթացը կնպաստի բանակցային գործընթացին, սակայն հայկական երկու պետություններն այդ ուղղությամբ ոչինչ չեն անում: Նա հիշեցրեց, որ տարբեր ժամանակներում ԼՂ տարբեր արտգործնախարարներ հնչեցրել են այն տեսակետը, որ եթե Ադրբեջանն այդպես շարունակի, ապա իրենք կսկսեն ԼՂ միջազգային ճանաչման գործընթացը: Գեղամ Բաղդասարյանը ամենամեծ և ամենալուրջ սխալը համարում է Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացից կախման մեջ դնելը:









































