Երեկ պաղեստինյան Ռամալահ քաղաքում ավերվել է Al-Jazeera հեռուստաընկերության գրասենյակը: Կոտրվել են գրասենյակի դռները, պատուհանները, հասցվել է լուրջ նյութական վնաս: Կարճ ժամանակ անց ոստիկաններին հաջողվել է հետ մղել ցուցարարներին:
Հավաքվածները բողոքել են այդ հեռուստաընկերության կողմից հրապարակված որոշ գաղտնի փաստաթղթերի պատճառով, որոնք, ըստ ցուցարարների, վարկաբեկում են պաղեստինյան իշխանություններին:
«Առաջին լրատվականը» երեկ տեղեկացրել էր, որ համաձայն այդ փաստաթղթերի` 2008թ. պաղեստինաիսրայելյան բանակցությունների ժամանակ, որ վարել է Պաղեստինյան Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը և Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթը, պաղեստինյան իշխանությունները պատրաստ են եղել տարածքային զգալի զիջումների` այդ թվում հայկական և հրեական հատվածների հաշվին, ինչն անընդունելի է պաղեստինյան բնակչության մեծամասնության համար:
Մինչդեռ Մահմուդ Աբբասի խորհրդական Աբդուլ Ռաբբոն հայտարարել է, որ հեռուստաընկերության կողմից բերված փաստերը նպատակ ունեն վարկաբեկելու պաղեստինյան իշխանություններին. մեջբերումներն արված են կոնտեքստից կտրված և կեղծված վիճակում: