Ռուս դիվանագիտության ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, անդրադառնալով երեկ Ռուսաստանում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպմանը, ասել է, որ Երևան-Մոսկվա տեսակամրջի ընթացքում այդ հանդիպումը լրջությամբ քննարկելը դեռևս վաղ է, քանի որ ոչ ոք այդ հանդիպման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն չունի, և պետք է լոկ ենթադրություններ արվեն: Կազիմիրովը, ընդհանուր գծերով ներկայացնելով Ղարաբաղի կոնֆլիկտը և դրա շուրջ ընթացող բանակցային գործընթացները, նշել է, որ, թեև որոշ սկեպտիկներ պնդում են, թե նմանատիպ հանդիպումների արդյունքը զրոյական է, բայց ինքը համոզված է, որ առաջընթաց կա: «Բանակցային գործընթացը չափազանց դանդաղ է առաջ գնում, ես կասեի՝ անգամ միլիմետրերով: Սա այն կոնֆլիկտն է, որը երկար ժամանակ է պահանջում»,- ասել է Կազիմիրովը: