Իսպանական El Mundo-ի անցկացրած հարցման համաձայն` իսպանացիների 70%-ը ընդունել են իսպանացի միապետ Խուան Կառլոս Առաջինի ներողությունը և ներել են նրան Բոտսվանում փղերի որսի համար, որի ժամանակ էլ նա վնասվածք էր ստացել, հաղորդում է РИА Новости-ն:
Միաժամանակ, ինչպես նշում է թերթը, թագավորի հպատակների 52%-ը կարծում է, որ Խուան Կառլոսի արարքը իսպանական թագավորությանը վնաս է պատճառել: Թագավորի Աֆրիկա ուղևորության մասին տեղեկությունն առավել բացասական է ընդունել երիտասարդությունը:
Ավելի քան 60% երիտասարդ իսպանացիներ կարծում են, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ կառավարությունը կոշտ տնտեսական քաղաքականություն է վարում` կրճատելով կրթությանն ու առողջապահությանը հատկացվող գումարները, թագավորը պետք է կիսի իր հպատակների ճակատագիրը: ԱՖրիկայում փղերի որսը բավական թանկ հաճույք է և կարող է արժենալ մինչև 40 հազար եվրո:
Անցած շաբաթ` ապրիլի 14-ին, 74-ամյա Խուան Կառլոսը ենթարկվել է չորսժամյա վիրահատության` աջ ազդրի հոդային պրոթեզավորման: Միապետը վիրահատության է ենթարկվել այն բանից հետո, երբ որսի ժամանակ կոտրել է աջ ազդրի վզիկը: Իսպանիայի թագավորի որսը Բոտսվանում քննադատությամբ է ընդունվել թե՛ քաղաքական և թե՛ հասարակական շրջանակներում, նաև ԶԼՄ-ներում բուռն բացասական արձագանք է գտել:








































