Մաշտոցի պուրակում բնապահպան ակտիվիստները շարունակում են տարատեսակ ակցիաներն ու միջոցառումները: Այսօր նրանք այգում կազմակերպել էին օլիգարխիայի դասի ներկայացուցիչ Օլիկ Գարխյանի թաղման արարողությունը։ Ակտիվիստներն օլիգարխի անունը հորինել են: Ակտիվիստները այգում դագաղ էին պատրաստել, դրել օլիգարխի դիակը՝ խրտվիլակի տեսքով, մոմերով ու մեխակներով, «հրաժեշտից» առաջ էլ հավաքված թափորը մի լավ լացեց օլիգարխի հետևից: Նրանք պատրաստել էին պաստառներ` «Մեռավ օլիգարխը, բենթլիս ու համերս անտեր մնացին», «Խորովածդ սառեց», «շենքերդ սարքող չի մնա», «Ինձ ինչի՞ թողեցիր վարկերի մեջ», «բարով գնաս, համբալ» և այլն:
Ապա տխուր և ուրախ երաժշտությամբ հանգուցյալին պտտեցրել են մայրաքաղաքի կենտրոնով, եղել են Հյուսիսային պողոտայում, որը օլիգարխի տան հասցեն է։ Օլիգարխ Օլիկ Գարխյանն իր վերջին հանգրվանը գտել է Մաշտոցի այգում։ Այս ակցիայով բնապահպանները փորձում են պայքարել օլիգարխիայի և ամենաթողության դեմ: Բողոքի ակցիային միացել են մի շարք արվեստագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ ակտիվիստները ձնեմարդ էին պատրաստել` մարմնավորելով «Հայ օլիգարխի» կերպարը:









































