Հայաստանի համար տրանսֆերտներին այլընտրանք առայժմ չկա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագիտության դոկտոր Հեղինե Մանասյանը:
Ըստ նրա՝ ՀՀ-ում աշխատաշուկան անհավասարակշիռ է, աշխատավարձերի մակարդակը ցածր է, և կենսապահովման համար մարդիկ գնում են արտերկրներ. «Դա նորմալ երևույթ է ողջ աշխարհում՝ մի երկրում ապրել, մյուսում՝ աշխատել: Տրանսֆերտներից կախվածությունը դեռ շատ երկար կտևի մեզ մոտ»:
Հ. Մանասյանի խոսքով, 14.8% անկումը հենց այդ կախվածության հետևանք էր, որովհետև այստեղ ոչ միայն շինարարությունը կանգնեց, այլ նաև այդ տրանսֆերտները պակասեցին, քանի որ Ռուսաստանում էլ էր ճգնաժամ, իսկ մեր հայրենակիցների մեծ մասը Ռուսաստանում է: Այսինքն՝ այնտեղ աշխատանք չկար, այդ եկամուտը չեկավ այստեղ, ինչը հարվածեց տնտեսությանը:
«Շատ վատ է, որ Հայաստանի տնտեսությունը կախված է տրանսֆերտներից, բայց դա իրողություն է և դեռ երկար ժամանակ գոյություն կունենա, քանի դեռ մեր տնտեսությունը չի կլանի այնքան աշխատուժ, որքան առաջարկվում է երկրի ներսում»,- նշեց Հ. Մանասյանը:





































