Ինչպես պարզել են գիտնականները, կոֆեինը մեր տեսողության պաշտպանն է: Տոկիոյի համալսարանի բժշկական դպրոցի մասնագետներն ապացուցել են, որ կոֆեինը բարձրացնում է աչքի խոնավացումը` բարելավելով արցունքագեղձերի աշխատանքը: Սուրճի հաճախ օգտագործումը թույլ է տալիս վերացնել «չոր աչքի» սինդրոմը (աչքի եղջերաթաղանթի չորացում): Այս մասին գրում է Medical Xpress-ը: Այդ ախտանիշի ի հայտ գալն ուղեկցվում է աչքերի հոգնածությամբ, ծակոցներով, աչքերը լույսի նկատմամբ դառնում են գերզգայուն:
Հետազոտությանը մասնակցել է 78 մարդ: Նրանք ընդունել են կոֆեին: Արդյունքում նրանց մոտ արցունքարտադրությունն ուժեղացել է, չնայած 13 տոկոսի մոտ «չոր աչքի» ախտանիշը շարունակել է դրսևորվել:
Կոֆեինը մեծացնում է նաև օրգանիզմի այլ հեղուկների արտադրությունը: Հետազոտության արդյունքների մանրակրկիտ ուսումնասիրությունը մասնագետներին թույլ կտա ապագայում հեշտությամբ պայքարել ախտանիշի դեմ, որն առավել հաճախ դրսևորվում է համակարգչից անբաժան մարդկանց մոտ:








































