ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հաստատել է մինչև 300 ռազմական դիտորդներ Սիրիա ուղարկելու որոշումը: Դիտորդները պետք է հետևեն իշխանությունների և ընդդիմադիր ուժերի միջև կրակի դադարեցմանը:
Սկզբնական շրջանում դիտորդները Սիրիայում 90 օր կմնան՝ միջազգային հասարակության ջանքերի շրջանակներում, որը փորձում է դադարեցնել արդեն մեկ տարուց ավելի շարունակվող հակամարտությունը երկրում:
ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բանաձևի համաձայն` ռազմական դիտորդների առաքելությունը և անհրաժեշտ քաղաքացիական անձնակազմը պետք է Սիրիա մեկնեն «անհետաձգելի կերպով»` կախված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի տեղում իրավիճակի գնահատականից:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ ընդունված բանաձևը «ձեռք է բերում հիմնարար նշանակություն` Սիրիայում իրադրությունը կարգավորելու համար»:
Չուրկինի խոսքերով` իրադարձությունների զարգացման «լիբիական տարբերակը» պետք է մնա անցյալում:
ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայի իշխանություններից պահանջել է ապահովել ռազմական դիտորդների անարգելք տեղաշարժը երկրով մեկ և լուծել տրանսպորտային խնդիրները:









































