Չինաստանը հայտարարել է, որ «չի խուսափի» Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցներն ավելացնելու ծրագրերից և կրկնել է, որ վստահում է եվրոգոտու տնտեսությանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնում ԱՄՀ նիստից հետո Չինաստանի Ազգային բանկի հայտարարությունը:
«ԱՄՀ ռեսուրսների ավելացումը պետք է տեղի ունենա միջազգային հանրության կոնսենսուսի հիման վրա: Չինաստանը չի խուսափի բանակցություններից»,- ասվում է Չինաստանի Ազգային բանկի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ, սակայն, նշված չէ, որքան գումար է պատրաստվում ներդնել Չինաստանը:
Չինաստանը կարծում է, որ Եվրոպան բավական իմաստություն և հնարավորություն ունի՝ ճգնաժամի հետևանքով առաջացած հարցերը հավուր պատշաճի լուծելու համար: Չինաստանը վստահում է եվրոգոտում տնտեսական և ֆինանսական կայունությանը, ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ ուրբաթ օրը ԱՄՀ անդամ երկրները հայտարարեցին, որ ավելացնում են կազմակերպության ռեսուրսները 430 մլրդ դոլարով:









































