Հյուսիսային Կարոլինայի դատարանը որոշել է մի աֆրոամերիկացու մահապատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ` նշելով, որ նախորդ որոշման կայացման վրա ազդել է դատապարտյալի ռասայական պատկանելիության հանգամանքը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Մարկուս Ռոբինսոնի գործով նման որոշումը հիմնված է 2009թ.-ին ընդունված ռասայական արդարության մասին օրենքի վրա: Ըստ այդ օրենքի` դատարանը կարող է փոխել նախորդ որոշումները, եթե կան հիմքեր` կարծելու, որ ռասայական պատկանելիության հանգամանքն ազդել է դատարանի որոշման վրա:
Երեկ կայացված որոշման մեջ նշվում է, որ նախորդ որոշման վրա ազդել է ռասայական խտրականության հանգամանքը, քանի որ 12 երդվյալ ատենակալներից 9-ը եղել են սպիտակամորթ: Ընդ որում` ատենակալներին ընտրելիս նախնական ցուցակից հանվել է սևամորթ թեկնածուների կեսից ավելին, իսկ սպիտակամորթների` ընդամենը 15%-ը:
Սա առաջին դեպքն է, երբ կիրառության մեջ է դրվում ռասայական արդարության մասին օրենքը:








































