Վարչական դատարանը նախօրեին մերժել է Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցադիմումն ընդունել դատարանի վարույթ:Այդ մասին Panorama.am-ը տեղեկացել է դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք` Զոլյանը իր հայցադիմումով պահանջում էր, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի թիվ 160-Ա հրամանի պահանջը` Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին վերացվի:
Վարչական դատարանի որոշման մեջ մասնավորապես, ասվում է. «…Նկատի ունենալով, որ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի կողմից իրեն վերապահված գործառույթների իրականացումը ո՛չ պետական, ո՛չ համայնքային ծառայություն չեն հանդիսանում՝ դատարանը գտնում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի 06.04.2012թ. ««Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին» թիվ 160-Ա հրամանը վերացնելու պահանջը ենթակա չէ վարչական դատարանում քննության։ Այն ընդդատյա է ընդհանուր իրավասության դատարանին, քանի որ բխում է մասնավոր աշխատանքային հարաբերություններից»։







































